Թուրքիայի ԶՈւ-ում «ահաբեկչական խմբին» հարելու կասկածանքով 111 զինվորականի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

11:28 • 18.09.19

Արխիվային լուսանկար՝ 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից

Թուրքիայում 2016թ.-ի ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող ՖԵԹՕ կազմակերպությանը (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առաջնորդած և Թուրքիայի գրեթե բոլոր պետական մարմիններ սողոսկած գաղտնի կազմակերպված ցանց-Tert.am) հարելու կասկածանքով կալանավորման որոշում է կայացվել 111 զինվորականի նկատմամբ: Նշվում է, որ նրանք թուրքական բանակի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողներ են, փոխանցում է պետական «Անադոլու» գործակալությունը:

Կալանավորված անձինք, որոնք մեղադրվում են թուրքական բանակի ներսում կազմակերպված «ահաբեկչական խմբին» հարելու համար, որպես հաղորդակցության միջոց են օգտագործել հանրային վայրերում առկա մետաղադրամով աշխատող հեռախոսային խցիկները:

Նշենք, որ Ստամբուլի հանրապետական դատախազութան՝ սեպտեմբերի 14-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը հարելու կասկածանքով 223 անձի նկատմամբ ձերբակալման որոշում էր կայացվել: Նույն հայտարարության մեջ նշված էր, որ չնայած այս գործով արդեն իսկ հազարավոր մարդիկ են կալանավորվել, սակայն այդ ցանցի անդամների թիվն ավելին է, և այն ամենամեծ վտանգն է ներկայացնում թուրքական պետության սահմանադրական կարգի և գոյության համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է կես միլիոնից ավելի մարդ, 100 հազարավոր մարդիկ հեռացվել են աշխատանքից և կալանավորվել են տասնյակ հազարավոր անձինք, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ: