Այժմ վկա ենք Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդմանը. չի կարելի լոմը առնել, ընկնել ուժայինների «ջանին», թե «իմ ուզածով պետք է լինի». Կարեն Վրթանեսյան

15:24 • 18.09.19

Դեռ անցյալ տարվա՝ 2018թ.-ի սեպտեմբերին, ես կանխատեսել էի, որ ԱԺ-ն ամբողջապես հնազանդեցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձելու է նույն ձևով հնազանդեցնել ուժայիններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկություններին:

Վրթանեսյանը նշեց, որ վարչապետն այդ կարևոր դիրքերում կնշանակի մարդկանց, որոնք պատրաստ են իրեն լսել, ինչ-որ հարցով չվիճել:

«Կարծում եմ՝ հիմա հենց այդ պրոցեսն է սկսել, այսինքն՝ իմ կարծիքով՝ մենք հիմա վկա ենք հերթական փուլին՝ Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդման»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այս ամեն ինչը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի, խոսքը հենց անձնական իշխանության ամրապնդման մասին է: «Չեմ կարծում, որ ինքը կոնկրետ անձերի նկատմամբ ի սկզբանե վատ էր նախատրամադրված, բայց ակնհայտ էր, որ փորձելու է իրեն ավելի հնազանդ, իրենից ավելի մեծ կախվածություն ունեցող դերակատարների բերել»:

Հարցին, թե միանգամից երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն ինչպիսի՞ ազդեցություն կունենան երկրի ներքին ու արտաքին անվտանգության վրա, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Անվտանգությունը բարդ համակարգ է։ Չի կարելի լոմը առնել, ընկնել ուժայինների «ջանին», թե բա. «Իմ ուզածով պետք է լինի, թքած, թե կարգն ինչպես է»»:

Փորձագետի խոսքով՝ բարդ համակարգերում կտրուկ շարժումները կարող են ահռելի վնաս տալ։ «Չպիտի մի շաբաթում երկու ուժային հիմնասյան ղեկավար փոխվի. դա զգալիորեն վնասելու է այդ կառույցների արդյունավետությանը։ Հետո տարիներով սովորական քաղաքացին է դրա դիմաց վճարելու իր անվտանգությամբ»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Արթուր Վանեցյանն էր ազատվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, իսկ այսօր արդեն ոստիկանապետի պաշտոնից ազատվել է Վալերիյ Օսիպյանը: