Բողոքի ցույց անող զոհված զինվորների մայրերը 5 օր ժամանակ տվեցին վարչապետին՝ իրենց տրամադրվող օգնության ավելացման հարցը լուծելու համար (տեսանյութ)

11:58 • 19.09.19

15:50

Վարչապետի հետ հանդիպումից հետո ակցիա իրականացնողները ասացին, որ հանդիպումից գոհ չեն:

«Պարոն վարչապետ, պահվածքդ պահվածք չէր, արհամարհական էր: Մենք ամեն օր գալու ենք ու արհամարենք քեզ, նույնն էլ քո կառավարությանը: Եթե հարցերը չլուծեցիր, քո հրաժարականն ենք պահանջելու»,- ասաց մայրերից մեկը:  

15։19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Կառավարության մոտ ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող՝ զոհված զինծառայողների մայրերի հետ: Հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ պետք չէ վիրավորվել այն փաստից, որ ինչ-որ հարցեր են լուծվում, բայց իրենց առաջ քաշած հարցը դեռ չի լուծվել:

«Մեզ հնարավորություն տվեք, որ հարցերը հերթով լուծենք: Հիմա ես՝ որպես վարչապետ, ամաչում եմ, որ նման հարց եմ քննարկում, որովհետև համարում եմ, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, թե պաշտպանության նախարարին հանձնարարել է շրջանառել այդ հարցի փաստաթուղթը:

12:36

«Ես խնդրում եմ մեր զոհվածների մայրերին չկապել ո՛չ սերժականների, ո՛չ նիկոլականների հետ: Մենք մեր արդար պատասխանն ենք ուզում: Եթե Մարտի 1-ին անկարգություններ անողներին, թալանողներին, հրահրողներին կարելի է հատկացնել 30 մլն, նույնը կարելի է անել զոհվածների ընտանիքների համար: Որովհետև Մարտի 1-ը իրենց սարքածն է, դրա համար էլ ուզում են ծածկեն»,- ասաց մայրերից մեկը:

Մայրերը նշեցին, որ իրենց պահանջները գրավոր տեսքով սեպտեմբերի 11-ին ներկայացրել են կառավարություն, սակայն մինչև հիմա պատասխան չեն ստացել:

«Արհամարհված ենք, թող իրենց կանայք արհամարհեն»,- ասաց մայրերից մեկը:

12:25

Կառավարության նիստին զուգահեռ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացվում զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մտածում էի Կառավարության շենքին մոտենամ, կհրավիրեն, կասեն՝ տիկին Մարգարիտա, արի, տեսնենք զոհվածի ընտանիքներին ինչ է պատահել: Բայց ես հիասթափվել եմ, որ 28 տարի բանակի կողքին եմ կանգել: Եկել է պահը, որ մայրերը իրենց որդիների անգին գինը պահանջեն կառավարությունից»,- ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Ես այսօր հայտարարում եմ՝ պետք է ապահովեք այդ ընտանիքներին, որ մուրացիկներ չդառնան»,- ասաց նա:

Նա հացադուլ հայտարարեց և ասաց, որ եթե մինչև օրվա վերջ կառավարությունը նրան չընդունի, շարունակելու է հացադուլը:

11:58

Կառավարության շենքի դիմաց զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նշենք, որ զուգահեռ ընթանում է նաև Կառավարության նիստը:

Բողոքի ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: