Մեզ հնարավորություն տվեք, որ հարցերը հերթով լուծենք. ես ամաչում եմ, որ նման հարց եմ քննարկում. Փաշինյանը՝ զոհված զինծառայողների մայրերին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Կառավարության մոտ ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող՝ զոհված զինծառայողների մայրերի հետ: Հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ պետք չէ վիրավորվել այն փաստից, որ ինչ-որ հարցեր են լուծվում, բայց իրենց առաջ քաշած հարցը դեռ չի լուծվել:
«Մեզ հնարավորություն տվեք, որ հարցերը հերթով լուծենք: Հիմա ես՝ որպես վարչապետ, ամաչում եմ, որ նման հարց եմ քննարկում, որովհետև համարում եմ, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը պարզաբանեց, թե պաշտպանության նախարարին հանձնարարել է շրջանառել այդ հարցի փաստաթուղթը:
«Ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց խնդրում եմ այնպես արեք, որ մենք չմտածենք՝ ավելի լավ է ոչ մի հարց չլուծենք: Երբ մի հարց լուծում ենք, մյուս հարց ունեցողները փոխանակ ասեն՝ ինչ լավ է, որ սկսվել է հարցի լուծումը և մեր հարցի լուծմանն էլ կհասնեն, մեզ մեղադրում են իրենց հանդեպ անհարգալից վերաբերվելու մեջ»,- նշեց նա:










