Նոր Զելանդիայի վարչապետը Տոկիո ժամանելուն պես Ճապոնիան շփոթել է Չինաստանի հետ
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը նախօրեին սկսել է երկրի առաջնորդի կարգավիճակում իր առաջին պաշտոնական ուղևորությունը դեպի Ճապոնիա:
Ինչպես գրում է CNN-ը, Ճապոնիա ժամանելուն պես Արդերն այն շփոթել է Չինաստանի հետ: «Աներևակայելի հիասքանչ պահ է Նոր Զելանդիայի, ինչպես նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունների համար, ներողություն եմ խնդրում, Ճապոնիայի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նորզելանդացի վարչապետը՝ ինքն իրեն ուղղելով:
Արդերն իր շփոթմունքը պատճառաբանել է երկար չվերթից հետո հոգնածությամբ, քանի որ լրագրողների հետ զրույցի պահին հենց նոր էր ոտք դրել ծագող արևի երկիր:
«Հասկանում եք, ես շարունակ ճանապարհորդում եմ և հենց այս պահին կանգ առա այստեղ»,- ասել է նա:
Ճապոնիան երեք ժամով հետ է Նոր Զելանդիայից, իսկ Օքլենդից Տոկիո չվերթը 11 ժամ է տևում:










