Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը որպես պարտքը վերադարձնելու երաշխիք հանձնել է պատգամավորական վկայականը

17:39 • 20.09.19

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ Ռաֆայել Ջեբրաիլովին դատի են տվել, գրում է minval.az-ը:

Լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել առ այն, որ 2015 թվականին պատգամավորը սեփական տան շինարարական աշխատանքների համար 300 հազար դոլարի չափով պարտք է վերցրել:

Ինչպես հետագայում պարզ է դարձել, պատգամավորը պարտատիրոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն գումարն այդպես էլ ժամանակին չի կարողացել վերադարձնել. արդյունքում պարտքը վերադարձնելու երաշխիք է դարձել Ջեբրաիլովի պատգամավորական վկայականը:

Գումարը պատգամավորին պարտքով տրամադրած քաղաքացին դիմել է դատարան` գումարը վերադարձնելու պահանջով: 2019 թվականի փետրվարի 15-ին դատարանը հօգուտ մեղադրող կողմի որոշում է կայացրել: Ռաֆայել Ջեբրաիլովը որոշումը բողոքարկել է, սակայն նրա բողոքը չի բավարարվել: