Չեմ բացառում, բայց դա ԼՂ-ի սուվերեն որոշումն է. Դավիթ Տոնոյանը` Արդբեջանի դիվերսանտների` ՀՀ 2 քաղաքացիների հետ փոխանակելու մասին

12:58 • 20.09.19

Ես հանդիպում եմ ունեցել երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, ինձ պաշտոնապես փոխանցվել է  առաջարկությունը` ադրբեջանական որոշ քննարկումների, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանն առ այն, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Նախարարը նշեց, որ որոշ տեղեկատվության ճշգրտման համար հավելյալ աշխատանք է պահանջվում, և երբ ստանան ճշգրտված տեղեկությունը ադրբեջանական կողմից, կարձագանքեն:

«Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց տները վերադարձնելուն և  աջակցելու ենք այդ գործընթացին: Սա մաքուր հումանիտար գործողություն է»,-ասաց նա և նշեց, որ պետք է տարանջատել ՀՀ քաղաքացիներին  Ադրբեջանի քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղում:

«Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում և դա առնվազն ճիշտ մոտեցում չէ Պաշտպանության նախարարի կողմից, ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,-ասաց նա:

Հարցին, թե բացառո՞ւմ է փոխանակման տարբերակը, Դավիթ Տոնոյանն ասաց.«Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշումն է»:

Հիշեցնենք, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ․ ծնված Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում, հայտնվել է Ադրբեջանում 2018 թ․ հուլիսի 15-ին: Իսկ ս․թ․ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, Ադրբեջանում է հայտնվել զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։