ԻՊ-ի ձայնագրության հրապարակումից հետո Թուրքիայի տարբեր շրջաններից մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել խմբավորմանը՝ հրապարակելով օգտագործվելիք նռնակների և փամփուշտների նկարները. medyascope.tv

12:39 • 20.09.19

Սեպտեմբերի 16-ին հրապարակվել էր 30 րոպեանոց ձայնագրություն, որն ըստ պնդումների՝ պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Ձայնագրության մեջ նա կոչ էր արել թիրախավորել նաև Թուրքիան:

Ձայնագրության հրապարակումից հետո համացանցում տարածվել է ավելի քան 40 թուրքերեն գրություն, որտեղ Թուրքիայի տարբեր շրջաններից անձինք իրենց աջակցությունն են հայտնում «Իսլամական պետությանը» և հնազանդության երդում տալիս Աբու Բաքր ալ-Բաղդադիին, այս մասին հայտնում է medyascope.tv կայքը:

Հետաքրքրական է, որ թուրքերեն հրապարակված և «Իսլամական պետությանն» աջակցող գրառումներում օգտագործվում է «Իսլամական պետության Թուրքիայի նահանգ» ձևակերպումը: Նմանատիպ գրառումով թղթապանակ է երևում նաև Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ այս տարվա ապրիլի 29-ին հրապարակած տեսաուղերձում:

Թուրքիան որպես նահանգ դիտարկելը, ըստ մասնագետների, կարող է նշանակել, որ Թուրքիայում առկա է «Իսլամական պետության» ղեկավարությանը ենթակա հիերարխիկ համակարգ, նշված է medyascope.tv կայքի վերլուծությունում: