ՀԿԵ-ն աշխատում է բնականոն. մամուլի քարտուղարը կոնցեսիոն պայմանագրի խզման լուրը չի մեկնաբանում

18:53 • 20.09.19

Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի մեկնաբանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը: ««ՀԿԵ» ընկերությունը այդ թեմայի առնչությամբ մեկնաբանություն չունի, ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով»,- ասաց Գրդզելյանը:

Հիշեցնենք, որ RTVi հեռուստաընկերությունը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հայտնել է, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ «

ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: