Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա գոյություն է ունենալու հավիտյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում անկացվող՝ ՀՀ անկախության 28 ամյակի միջացառմանն իր ուղերձում նշեց, որ այս հաղթանակն առաջին հերթին բերեցին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: «Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի: Եվ որից հետո սկսվեց պետականաշինության ավելի բարդ գործընթաց: Մենք անկախության տարիներին տեսանք բազմաթիվ հիասթափություններ, տեսանք արտագաղթ, տնտեսական և քաղաքական դժվարություններ, բավական տխուր ընթացք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում երբ էլ տեղի ունենար հանրաքվեն, ժողովուրդը միասնական «այո» կասեր անկախությանը: Նշեց նաև, որ 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցաը մի նոր անկախության հանրաքվե էր։
«Հարյուր հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, փողոցներ Հայաստանում և Սփյուռքում, դուրս եկան՝ նույնքան վճռական ու հաստատակամ «այո» ասելու Հայաստանի անկախությանը: Դա մի նոր անկախության հանրաքվե էր, որն ասաց՝ հայ ժողովուրդը 27-28 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի վճռական, ավելի հաստատակամ, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա »,- ասաց վարչապետը:
«Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը, որպես մի մեծ հավաքականություն, ունի բավարար կամք, բավարար իմաստություն, բավարար գիտելիք, բավարար տաղանդ և բավարար վճռականություն՝ իր ուսերին կերտելու, իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը և ապրելու ազատ և երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի»,- ելույթը եզրափակելով՝ ասաց Փաշինյանը:










