ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենը կոչ է արել Թրամփին հրապարակել Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հրապարակել Բայդենի որդու՝ Հանթերի դեմ հետաքննություն սկսելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը բազմիցս Ուկրաինայի ղեկավար Զելենսկու նկատմամբ ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի որդու նկատմամբ: Թրամփը, մասնավորապես, դա արել է հուլիսին Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
«Դոնալդ Թրամփն այս պահին ամենաքիչը պարտավոր է հրապարակել նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որպեսզի ամերիկացիներն իրենք կարողանան անհրաժեշտ եզրահանգման գալ»,- ասել է Բայդենը:
Նա նաև հայտարարել է, որ եթե ասվածը ճիշտ է, ապա դա կնշանակի, որ նախագահ Թրամփի` իշխանությունը չարաշահելու և իր երկիրը նվաստացնելու ցանկությունը սահմաններ չունի:
Բայդենի որդին` Հանթերը, Ուկրաինայի ամենախոշոր մասնավոր գազ մատակարարող ընկերություններից Burisma Group-ի տնօրենների խորհրդի անդամ է եղել: Բայդեն ավագն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում` 2016 թվականին, Կիևից պահանջել է կոշտ հակակոռուպցիոն քաղաքականություն վարել և դրա շրջանակում կոչ է արել պաշտոնազրկել այդ ժամանակվա գլխավոր դատախազին, որը նաև հետաքննություն էր իրականացնում Burisma-ի նկատմամբ:
Ուկրաինայի՝ այդ ժամանակվա գլխավոր դատախազը, այնուամենայնիվ, հայտարարել էր, որ Բայդենի կամ նրա որդու` Ուկրաինայում թույլ տված իրավախախտումների վերաբերյալ փաստեր չկան:










