Եգիպտոսում բողոքի ցույցեր են սկսվել՝ նախագահ աս-Սիսիի հրաժարականի պահանջով (տեսանյութ)
Եգիպտացիները դուրս են եկել Կահիրեի և այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրաժարականը, Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al Jazeera-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները վանկարել են 2011 թվականի հեղափոխության կարգախոսը. «Ժողովուրդն ուզում է, որ ռեժիմը տապալվի»:
Թեև ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարի, սակայն, ընդհանուր առմամբ, ըստ աղբյուրի, իրավապահներն ակցիային չեն միջամտել:
Նշվում է, որ Եգիպտոսի նախագահ աս-Սիսին ուրբաթ Կահիրեից մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Աղբյուրը գրում է, որ Եգիպտոսում բողոքի ակցիաները սկսվել են եգիպտական առաջատար երկու ֆուտբոլային թիմերի՝ «Զամալեքի» և «Ահլիի» միջև կայացած հանդիպումից հետո՝ մի քանի շաբաթ առաջ Եգիպտոսից հեռացած գործարար և դերասան Մուհամմադ Ալիի կոչով: Իսպանիա մեկնելուց առաջ նա մեղադրել է երկրի նախագահին և բանակին կոռուպցիայի մեջ: Սոցցանցերում նրա ելույթը միլիոնավոր դիտում է ունեցել: Այս շաբաթ Մուհամմադ Ալին կոչ էր արել եգիպտացիներին խաղից հետո դուրս գալ փողոց և իրենց բողոքն արտահայտել իշխանությունների դեմ: Եգիպտոսի նախագահն արձագանքել էր Մուհամմադ Ալիի ելույթին՝ մեղադրելով նրան սուտ տեղեկություն տարածելու մեջ:










