Եմենի հուսիթները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները դադարեցնելու մասին
Եմենի ապստամբ-հուսիթները հայտարարել են, որ դադարեցնում են Սաուդյան Արաբիայի հրթիռակոծումը, քանի որ Էր-Ռիադը նրանց հրադադար կնքելու առաջարկ է արել: Այդ մասին Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնում է արաբական Al-Masdar տեղեկատվական պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հուսիթները նշել են, որ արաբական կոալիցիան, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիան, վստահեցրել է, որ կդադարեցնի Եմենի ուղղությամբ ավիահարվածները, եթե հուսիթները հրաժարվեն Սաուդյան Արաբիայի նկատմամբ հրթիռային հարձակումից:
Նշվում է, որ այդ տեղեկությունը հրապարակվել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից մի քանի օր անց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն հրթռային հարձակման էր ենթարկվել, ինչը հանգեցրել էր Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ծավալների մոտ 50 տոկոս կրճատմանը՝ օրական 5,7 միլիոն բարել:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ-հուսիթները, սակայն ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների մեջ մեղադրում է Թեհրանին, վերջինը հերքում է այդ մեղադրանքները:










