Էմանուել Մակրոնը կոչ է արել «դեղին բաճկոններին» չփչացնել Ազգային ժառանգության օրերի միջոցառումները
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» շարժման 45-րդ հավաքը, որն անցկացվելու է շաբաթ՝ սեպտեմբերի 21-ին, համընկնում է Ազգային ժառանգության օրերի հետ, որի ժամանակ բազմաթիվ պատմամշակութային շինություններ, այդ թվում՝ Սենատը և նույնիսկ Ելիսեյան պալատը, բացում են իրենց դռներն այցելուների առջև: Այդ կապակցությամբ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ակցիայի մասնակիցներին չփչացնել տոնը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է France Presse-ը:
«Լավ է, որ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, բայց դա պետք է արվի հանգիստ: Ես կոչ եմ անում բոլորին խելամիտ մոտեցում ցուցաբերել, ամեն ինչ անել ներդաշնակ և հանգիստ»,- ասել Ֆրանսիայի նախագահը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Փարիզում իշխանությունները նախատեսում են խիստ հսկողության տակ վերցնել մի շարք հաստատություններ՝ կապված շաբաթ ծրագրված զանգվածային ցույցերի հետ: Մասնավորապես, մուտքը Ելիսեյան պալատ բաց կլինի միայն նրանց համար, որոնք նախապես գրանցվել են և ունեն անցաթուղթ:
«Դեղին բաճկոնների» կողմից ծրագրված ակցիայի պատճառով հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով Ազգային ժառանգության օրերի կազմակերպիչները հայտարարել են, որ վերջին պահին ստիպված են եղել այցելությունների ցանկից հանել փարիզյան մի շարք խոշոր մշակութային կառույցներ:
Չնայած խիստ հսկողությանը՝ «դեղին բաճկոնների» շարժման առաջնորդները կոչ են արել ակցիայի մասնակիցներին շաբաթ շարժվել Ելիսեյան դաշտերի ուղղությամբ: Մնացած երթուղիները չեն հրապարակվում:










