«Ժողովրդի ծառա» խմբակցության ըմբիշ-պատգամավորը քնել է Ռադայի նիստի ժամանակ (տեսանյութ)
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն և Ուկրաինայի Վերին Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ Ժան Բելենիուկը քնել է նիստի ժամանակ՝ գլուխը սեղանին դրած, ինչը չի վրիպել լրագրողների ուշադրությունից, հաղորդում է Life.ru-ն:
«Ի՞նչ ես տեսնում երազում, Ժան Բելենիուկ»,- Facebook- ում տեղադրած լուսանկարի և տեսանյութի տակ գրել է լրագրող Ալեքսանդր Գոնչարովը:
Կադրում չի երևում, թե ինչ է այդ պահին կատարվում խորհրդարանում, սակայն, ըստ ամենայնի, ամբիոնից ելույթ ունենում պատգամավորներից մեկը:
Նշվում է, որ քնած Բելենիուկն, այնուամենայնիվ, կատարել է իր պարտականությունը՝ երբեմն գլուխը բարձրացնելով և քվեարկելով:
Հատկանշական է, որ ուկրաինացի ըմբիշը միակ «ժողովրդի ծառան» չէ, ում համար Ռադայի նիստը փոքր-ինչ ձանձրալի է եղել: Պատգամավոր Ալեքսեյ Ուստենկոն նույնպես նիստի ընթացքում որոշել է պառկել սեղանին, սակայն քնելու փոխարեն նա ժամանակն անցկացրել է «հեռախոսի մեջ»:











