Այս 12 ամիսների ընթացքում Հայկ Մարությանն արեց ամեն ինչ, որ երևանցիները հասկանան` սխալվել են. «Այլընտրանքային քաղաքապետարանը» սկսում է պաշտոնական գործունեությունը (տեսանյութ)

17:51 • 23.09.19

Այսօր, երբ լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Նա նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այս մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում ապացուցեց, որ անգործունյա է և անմեղսունակ: «Հայկ Մարությանը լիովին ձախողեց Երևանի քաղաքապետարանի գործունեությունը: Այս 12 ամիսների ընթացքում պարոն պարտադրված քաղաքապետն արեց ամեն ինչ, որ երևանցիները հասկանան` սխալվել են: Նա պետք է ապացուցեր, որ ինքն արժանացել է երևանցիների վստահության քվեին ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարտադրվելու արդյունքում, այլ` որ արժանի է այդ պաշտոնին»,-մեկնաբանեց Աղեկյանը:

Աղեկյանը նշեց, որ Մարությանը չի իրականացրել քաղաքն աղբից մաքրելու, հանրային տրանսպորտը կարգավորելու, վերելակների հիմնանորոգման, կանաչապատման և մյուս նախընտրական խոստումները:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավարի կարծիքով` Երևանի ավագանին ևս ձախողել է աշխատանքը, որովհետև, ըստ Երևանի ավագանու կանոնադրության, ավագանին հանդիսանում է քաղաքապետի վերահսկողական մարմինը, սակայն այդ գործառույթը չի իրականացրել:

Աղեկյանը հայտարարեց նաև, որ «Այլընտրանքային քաղաքապետարանը», որպես «Իրավունքի և արժեքների գերակայության» ՀԿ մեկ ճյուղ, այսուհետ պաշտոնապես գործելու է հստակ հասցեում, ուր կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի կողմից մերժված բոլոր երևանցիները: