Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

11:10 • 23.09.19

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։  Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էրիկ Գարսեթիին ջերմ ընդունելության, ինչպես նաև Գրանդ Փարք կոչվող վայրում նախատեսված հանրահավաքի կազմակերպման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար և նշել, որ ԱՄՆ իր այցի օրակարգի կեսը նվիրված է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի հետ համագործակցությանը, ինչը վկայում է այդ գործընկերությանը տրվող կարևորության մասին։ «Քաղաքական արմատական փոփոխություններից հետո մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման, տնտեսական առաջընթացի արձանագրման ճանապարհով, և այդ գործընթացում մեր գործընկերների հետ համագործակցությունը կարևոր դեր ունի։ Այսօրվա դրությամբ մենք տնտեսական աճի լավ դինամիկա ունենք, լավ արդյունքներ ենք արձանագրում համակարգային կոռուպցիան և մենաշնորհները վերացնելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու, բիզնես միջավայրը բարելավելու ուղղություններով:

Ամերիկայի մեր գործընկերների, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ շարունակական համագործակցությունը, փորձի փոխանակումը կնպաստեն այդ գործընթացների հաջողմանը։ Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքի համար», - ընդգծել է Փաշինյանը։

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը փոխանակվել են խորհրդանշական հուշանվերներով։