Ղազախստանում չարտոնված հանրահավաքների ժամանակ մոտ 100 մարդ է բերման ենթարկվել

14:45 • 23.09.19

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում չարտոնված հանրահավաքների ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, գրում է ria.ru-ն՝ Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևի հայտարարությանը հղումով:

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 21-ին սոցիալական ցանցերում բողոքի ցույցի դուրս գալու կոչերով հանրությանը դիմել էր Ղազախստանում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման առաջնորդ Մուխթար Աբլյազովը, որը բնակվում է Ֆրանսիայում:

«Սեպտեմբերի 21-ին հանրահավաքների անցկացման վայրերում հերթապահություն են իրականացրել ոստիկանության ջոկատները: Միևնույն օրը բաժանմունքներ են տեղափոխվել շուրջ 100 մարդ, որոնցից 15-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության.  9-ը՝ վարչական կալանքի, 6-ը՝ վարչական տուգանքի, իսկ մնացած քաղաքացիների հետ իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ. նրանք ազատ են արձակվել»,- լրագրողներին հայտնել է Տուրգումբաևը և հավելել, որ հանրահավաքները, ընդհանուր առմամբ, տեղի են ունեցել յոթ-ութ քաղաքներում:

Նուր-Սուլթանի ոստիկանության վարչության տվյալներով՝ հանրապետության մայրաքաղաքում բերման է ենթարկվել շուրջ 50 մարդ, որոնցից չորսը ենթարկվել են վարչական պատասխանատվության։