Կապան-Քաջարան ավտոճանապարհին վթարվել է Իրանի քաղաքացու՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը

16:00 • 23.09.19

 Ս․թ․ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել Է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:

Ժամը 01:06-ին «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Աղմադ Ռ., ծնված 1985 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բախվել է դեպքի վայրում հերթապահություն իրականացնող, կայանած «ԿամԱԶ» մակնիշի հրշեջ ավտոմեքենային. «Mercedes» մակնիշի բեռնատարի ուղևորը՝ Իրաժ Գ.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ  և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: