2018-ի հայտնի դեպքերից հետո պատվաստումների ոլորտում կամայականություններ են կատարվում. «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար
Պատվաստումները կենսաբանական պաշտպանության ամենակարևոր բաղադրիչներից են, բայց պատվաստումների ծածկույթը զգալիորեն իջել է: Եթե ժամանակին եղել է մոտավորապես 97-98%, այժմ տարիքային բոլոր խմբերում մոտ 2%-ով իջել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմաննը հայտարարեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:
«Մենք հորդորում ենք չխուսափել պատվաստումներից, կատարել Առողջապահության նախարարության՝ օրացույցով նախատեսված պատվաստումները և չհավատալ բոլոր այն շարժումներին կամ մարդկանց, որ կոչ են անում չպատվաստվել: Պատվաստումներն անհրաժեշտ են ձեր և ձեր երեխաների կյանքի և անվտանգության համար»,-ասաց Գրիգոր Գրիգորյանը:
Անդրադառնալով պատվաստումների նվազումների պատճառներին՝ Գրիգորյանը կարծիք հայտնեց՝ բնակչության անվստահություն ունի պատվաստումների հանդեպ:
«Մենք շատ տեղեկություններ ու բողոքներ ենք ստանում: Այդ բողոքները գալիս են պատասխանատու կառույցների ոչ թափանցիկ աշխատանքի արդյունքում: Ծնողները ցանկանում են ավելի շատ տեղեկացված լինել պատվաստումներից, բայց շատ դեպքերում պատասխանները լինում են ոչ բավարար կամ ոչ հասկանալի, որոշ դեպքերում էլ, երբ ահազանգում են խնդրի մասին, տրվում են ինչ-որ պաշտպանողական հակադարձեր, շատ դեպքերում էլ այդ հակադարձերն ագրեսիվ են լինում, որն ընդունելի չէ»,-մեկնաբանեց փորձագետը:
Իր խոսքով՝ բնակչությանը պետք է կրթել, այնինչ՝ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո ունենք մի իրավիճակ, երբ պատվաստումների ոլորտում կամայականություններ են կատարվում:
«Կարծում եմ՝ բոլորդ տեղյակ եք պապիլոմա վիրուսի հետ կապված աղմուկից: Մասնագետները և ոչ մասնագետները բարձրացրել են այդ հարցը բազմիցս, նույնիսկ որոշ բժիշկներ ԱԱԾ են դիմել՝ ներկայացնելով փաստերն ու պահանջելով հետաքննություն անցկացնել: Պապիլոմա վիրուսի պատվաստման տարիքային շեմի բարձրացման պատճառները եղել են ոչ իրավաչափ»,-պնդում է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավարը:
Ասուլիսի ընթացքում հարցի վերաբերյալ իր կատարծ ուսումնասիրությունը ներկայացրեց լրագրող Ամալյա Պապյանը, որը 4-ամյա երեխայի ծնող է: Նրան դիմել են պոլիկլինիկայից՝ տեղեկացնելով, որ երեխան պետք է պատվաստում ստանա «Պոլիոմելիտ» հիվանդության դեմ, ինքն էլ փորձել է պարզել՝ որքանով են իրավաչափ և օրինական կրկնակի պատվաստում իրականացնելու հիմքերը: Նա մի քանի հարցումներ է ուղարկել Առողջապահության նախարարություն, որոնց պատասխանները, իր խոսքով, էլ ավելի են խորացրել իր մտահոգությունները:
Բանախոսների պնդմամբ՝ Առողջապահության նախարարությունը որոշել է «Պոլիոմելիտ» հիվանդության դեմ կրկնակի պատվաստում իրականացնել՝ հիմք ընդունելով «ProMEDmail» կայքում զետեղված տեղեկատվությունը:
«Այդ կայքում զետեղված տեղեկատվությունը չի կարող դիտվել որպես առողջապահության ոլորտում պետական քաղաքականությունը փոխելու հիմք: Այն հարթակ է, որտեղ տեղադրվում են կարծիքներ, տեսակետներ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»,-նշեցին բանախոսները:










