ՊՆ-ին հանձնված Դիլիջանի ուսումնական կենտրոնով հետաքրքրված անձանց հետ պայմանավորվածություններ առկա չեն. Պետական գույքի կառավարման կոմիտե
Պետական գույքի կառավարման կոմիտեում շարունակում են մնալ այն համոզմանը, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որը հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, պետք է հետ վերցնել՝ ելնելով պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման սկզբունքից:
Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե արդյոք ավարտվե՞լ են Կառավարությունում քննարկումները Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այդ կառույցի տարածքից այլ վայր տեղափոխելու վերաբերյալ, նշել են, որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լիճ 5, 24/1 և 26/1 հասցեներում գործունեություն իրականացնող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքի տնօրինման այլ տարբերակներ քննարկելու պատճառները բազմազան են, որոնց մասին բազմիցս խոսվել է: «Այնուամենայնիվ, գույքի հետագա տնօրինումը կիրականացվի՝ ելնելով պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման սկզբունքից»,-գրված է պատասխանում:
Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ գույքի հետ կապված փաստաթղթային ձևակերպումներն ավարտելուց հետո միջոցներ կձեռնարկվեն հնարավոր ներդրումային ծրագրեր և առաջարկություններ ստանալու ուղղությամբ և քննարկումների արդյունքում որոշում կկայացվի դրա հետագա տնօրինման հետ կապված:
Հարցին, թե շենքի օտարման գինն արդյոք հաշվարկվա՞ծ է և կա՞ն հետաքրքրվողներ այն ձեռք բերելու համար, Պետական գույքի կառավարման կոմիտեի տված պատասխանում նշված է, որ գույքի շուկայական գնահատումը հնարավոր կլինի իրականացել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո։ «Դրա հետ կապված հետաքրքրություն ցուցաբերած անձանց հետ պայմանավորվածություններ առկա չեն»:
Նման գործարքի կողմնակիցները վստահ են, որ գույքի օտարումը կամ վարձակալությունը հնարավորություն կտա ապահովել զգալի դրամական մուտքեր պետական բյուջե, իսկ ներդրումային ծրագրերի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Իսկ թե տեղափոխելու որոշման դեպքում ի՞նչ տարբերակներ են քննարկվում, որտե՞ղ պետք է շարունակեն իրենց ուսումը վարժարանի սաները, պատասխանել են. «Պետական սեփականություն հանդիսացող գույքակազմում առկա են անհրաժեշտ տարածքներ և գույք, որոնց՝ որպես վարժարան շահագործելու հարցը ևս կքննարկվի ընդհանուր համատեքստում»:










