Ֆակուլտետների դեկաններն ամբողջությամբ կախված են լինելու ռեկտորից, իսկ ռեկտորն էլ՝ նախարարից. Տ. Սողոյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծից

21:39 • 23.09.19

ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նրա դիտարկումները ներկայացնում ենք ստորև.

«Բարձրագույն կրթության մասին օրենքի նախորդ նախագծի գրեթե բոլոր համալսարանական քննարկումներին ակտիվ մասնակցել եմ։ Անհամեստ չհնչի՝ բավականին լավ տիրապետում եմ խնդրո առարկային։ Ուստի ինձ իրավունք կվերապահեմ ԿԳՍՄ նախարության կողմից ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ արտահայտել իմ մոտեցումները։

Առաջին հերթին պետք է արձանագրել, որ որևէ օրենք չի կարող լավ կրթություն երաշխավորել։ Օրենքը պարզապես պետք է ստեղծի նախադրյալներ իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները կարգավորելու համար և հիմք հանդիսանա բուհական ինքնավարությունը և բուհի ներսում բազմազանությունը խրախուսելու համար։ Մնացածը ամբիոնների, դասախոսների, ուսանողների գործն է։ Բայց այն, ինչ գրված է օրենքի նոր նախագծում, հնարավորություն չի թողնում ինքնավարության և բազմազանության առաջացման համար։ Վիճահարույց հարցերից անդրադառնամ միայն երեքին։

Առաջինը Կառավարման կամ Հոգաբարձուների խորհուրդների ձևավորման կարգն է։ Նախ, անհասկանալի պատճառներով Կառավարման խորհուրդը պարտադիր պետք է կազմված լինի 12 անդամից։ Գործող օրենքը սահմանում էր միայն համամասնությունը, իսկ կազմի քանակը որոշում էր բուհի կանոնադրությունը (առնվազն 20   հոգի)։ Սա տրամաբանական կարգավորում էր, քանի որ ՀՀ-ում տարբեր չափերի բուհեր կան՝ մի քանի հարյուր ուսանող ունեցողներից մինչև 18.000 ուսանող ունեցող ԵՊՀ, և տրամաբանական չէ բոլոր բուհերում նույն քանակի կառավարման մարմիններ ունենալը։ Այս կարգավորմամբ, օրինակ, ԵՊՀ-ի Հոգաբարձուների խորհուրդը 32-ից պետք է կրճատվի և դառնա 12, ինչը էապես նվազեցնելու է Խորհրդում առկա բազմազանությունը, ստեղծելու է ավելի վերահսկելի Կառավարման խորհուրդ։ Կազմի քանակի կրճատումը չի տեղավորվում նաև ծախսերի օպտիմալացման տրամաբանության մեջ, քանի որ Խորհրդի անդամները գործում են հասարակական հիմունքներով, այսինքն՝ չեն վարձատրվում։ Ուստի ի՞նչ նպատակ է հետապնդում կազմի կրճատումը, եթե ոչ բազմազանության նվազեցումն ու վերահսկելիության բարձրացումը։

Սակայն Կառավարման խորհուրդների ձևավորման կարգում ամենավիճահարույց խնդիրը վերաբերում է կազմի համամասնությանը։ Ըստ նոր նախագծի՝ կառավարման խորհրդի կազմի 50%-ին նշանակում է անձամբ նախարարը։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչները դատապարտել են այս 50%-ի առկայությունը։ Սա միշտ հնարավորություն է տվել օրվա իշխանություններին ցանկացած որոշում պարտադրել բուհին և դարձել է անմրցակցային, մեկ թեկնածուով ռեկտորի ընտրությունների և միաձայն քվեարկությունների պատճառ։ Բոլորին էլ պարզ էր, որ ցանկացած հարցում իշխանությունն ունի «վետոյի իրավունք», և ամեն ինչ պետք է պայմանավորվել հենց նրանց հետ։ Բացի դա, ինչո՞վ են առաջադեմ երկրներում զբաղվում Կառավարման խորհուրդները։ Եթե շատ կարճ՝ փող բերելով։ Որքա՞ն աջակցություն է Կառավարությունը ցուցաբերում, օրինակ, ԵՊՀ-ին՝ մոտ 20%:  Իսկ ի՞նչ տրամաբանությամբ պետք է 20% ֆինանսական մասնակցություն ունեցողը տիրապետի խորհրդի ձայների 50%-ին։ Միակ բացատրությունը՝ վերահսկելի միջավայր ունենալն է։

Թերևս վերահսկելու ցանկության շարունակությունն է, որ ստիպել է օրենքում ամրագրել նախարարության վերահսկողական գործառույթները։ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին որդեգրել է քաղաքականություն, ըստ որի շահերի բախման և գործառույթների տարանջատման նպատակով նախարարությունների լիազորություններից պետք է հանվեն վերահսկողական գործառույթները և դրանք վերապահվեն համապատասխան վերահսկողություն իրականացնող մարմիններին։ Մինչդեռ ներկայացված նախագիծը շարունակում է ոլորտում ամենակարող նախարարություն ունենալու տրամաբանությունը։

Երրորդ հարցը վերաբերում է ներբուհական բազմազանության ապահովման խնդրին։ Գործող օրենքով դեկանը ընտրվում էր ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից, ինչը որոշակիորեն ապահովում էր ֆակուլտետային ինքնավարությունը և հակակշռում էր ռեկտորին լիազորություններին: Նոր նախագծով ֆակուլտետի դեկանը ոչ թե ընտրվելու է, այլ ուղղակիորեն նշանակվելու է ռեկտորի կողմից։ Սա ընդունելի մոտեցում չէ, քանի որ ակնհայտորեն հակասում է ժողովրդավարության սկզբունքին և էապես նվազեցնում է դեկանի՝ որպես ֆակուլտետի ղեկավարի դերակատարությունը։ Բացի դա, պաշտոնի նշանակովի լինելը ենթադրելու է հայեցողություն՝ նշանակված անձին ցանկացած պահին հեռացնելու համար։ Իսկ ներկա կարգավորմամբ դեկանները ընտրվում են որոշակի ժամկետով, ինչն ակնհայտորեն ավելի առաջադիմական է թե՛ ֆակուլտետային ինքնավարության, թե՛ դեկանի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսակետից։ Նոր նախագծով փաստացի ստացվում է, որ ֆակուլտետի դեկանները ամբողջությամբ կախված են լինելու ռեկտորից, իսկ ռեկտորն էլ՝ նախարարից։

Օրենքի նախագծում առկա են նաև այնպիսի տարակուսելի ձևակերպումներ, ինչպիսիք են «բուհում կրթական ծրագրի իրականացման նպատակահարմարության գնահատումը» կամ «կառավարման խորհրդի անդամի լիազորությունների դադարումը քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում»։ Առաջանում են հարցեր՝ ո՞վ և ինչպե՞ս է գնահատելու ծրագրի նպատակահարմարությունը, կամ ինչպե՞ս է արձնագրվելու անձի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելը։ Հարցերը շատ են, պատասխախաններ դեռևս չկան։ Այնուահանդերձ մի բան ակնհայտ է. առաջարկվող նախագիծը ժողովրդավարական սկզբունքների առումով իրական հետընթաց է։

հ.գ. հաշվի առնելով, որ սեպտեմբերի 18-ին ԿԳՄՍ նախարարության կողմից դիրքորոշում ստանալու նպատակով ԵՊՀ է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին առաջարկել եմ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստին ներառել նաև վերոնշյալ նախագծի քննարկումը։ Հույս ունեմ՝ գիտական խորհրդի անդամները ևս կտեսնեն քննարկման անհրաժեշտություն և կնպաստեն նախագծի վերաբերյալ ներբուհական, լայն ժողովրդավարական քննարկմանը»։