Վարչապետը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ

11:00 • 23.09.19

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ 

Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և, կարևորելով այցի մեկնարկը Կալիֆորնիա նահանգից, նշել, որ այն կնպաստի Հայաստան-Կալիֆորնիա գործընկերության զարգացմանը։

Վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել Կալիֆորնիայում, որտեղ ապրում և արարում է հայկական սփյուռքի ամենամեծաթիվ համայնքներից մեկը։ «Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, և համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը»»- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կարևորել է Նյու Յորքում Կալիֆորնիայի նահանգապետի հետ նախատեսվող հանդիպումը, որի շրջանակում համաձայնագրի, ինչպես նաև ԱՄՆ այցի ընթացքում նախատեսվող մյուս փաստաթղթերի ստորագրումը լավ հիմք են հայ-ամերիկյան գործընկերությունը խորացնելու համար։

Հայաստանի վարչապետը նաև երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերի, նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քեթրին Բարգերը և Էնթոնի Պորտանտինոն ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Կալիֆորնիա և Լոս Անջելես, որը լավ հնարավորություն է համագործակցության խորացնման հեռանկարները քննարկելու համար։ Նրանք ընդգծել են՝ Լոս Անջելեսի հայ համայնքը կարևոր դերակատարություն ունի տեղի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, և քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի հետ գործընկերությունը սերտացնելու հարցում։