Հունաստանում է մնացել սնանկ ճանաչված բրիտանական Tհօmas Cook զբոսաշրջային ընկերության շուրջ 50․000 զբոսաշրջիկ

13:14 • 23.09.19

Հունաստանի զբոսաշրջության նախարար Խարիս Թեոխարիսը Skai հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Հունաստանում է գտնվում սնանկ ճանաչված բրիտանական Tհօmas Cook զբոսաշրջային ընկերության շուրջ 50․000 զբոսաշրջիկ։ Այժմ սկսվել է նրանց հայրենիք վերադարձնելու գործընթացը։

Նախարարի խոսքով՝ արդեն արվել են առաջին քայլերը զբոսաշրջիկներին Մեծ Բրիտանիայի քաղաքացիական ավիացիայի ծառայության միջոցով հայրենիք վերադարձնելու համար։ Առաջիկա օրերին Thomas Cook-ի շուրջ 22․000 հաճախորդ կլքի Հունաստանը։ Սպասվում է, որ բրիտանական քաղաքացիական ավիացիան կվճարի նաև զբոսաշրջիկների ծախսերը՝ սկսած ընկերության սնանկ ճանաչվելու օրվանից մինչև արձակուրդի ավարտը։

Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունում մշակվում է ծրագիր, որպեսզի երկիրը չկորցնի շուկայի իր բաժինը բրիտանական ընկերության սնանկությունից հետո, որի շնորհիվ անգլիացիներից բացի՝ Հունաստան էին գալիս նաև գերմանացիներ, լեհեր, չեխեր ու բելգիացիներ։

Կրետեի զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Վլատակիսն անգլիական ընկերության սնանկ ճանաչվելը բնորոշել է որպես «7 բալանոց երկրաշարժ» ոլորտում, որին կհաջորդի «ցունամին»։ Վլատակիսը նշել է, որ ներկայում Կրետեում է գտնվում Tհօmas Cook-ի շուրջ 20․000 զբոսաշրջիկ։

«Ցունամիի» մասին է խոսել նաև Կրետեի հյուրանոցների սեփականատերերի ասոցիացիայի նախագահը՝ նշելով, որ բրիտանական ընկերության սնանկ ճանաչվելը հարվածել է նաև հյուրանոցային բիզնեսին։

Անցյալ տարի բրիտանական ընկերությունը Հունաստան էր ուղարկել շուրջ 3 միլիոն զբոսաշրջիկ, որը կազմում էր Հունաստան ժամանած զբոսաշրջիկների մոտավորապես 15 տոկոսը։ Գարնանն ընկերությունը հայտարարել էր, որ 2019 թվականին Հունաստանում կներդնի 150 միլիոն եվրո։  

Tհօmas Cook-ը, որը համարվում է աշխարհի ամենամեծ տուրիստական ընկերություններից մեկը, հիմնադրվել է 1841 թվականին։ Ընկերության փաթեթների տարեկան վաճառքը կազմում է մոտ 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Ընկերությունը երկուշաբթի հայտնել է սնանկության մասին, քանի որ չի կարողացել գտնել 200 մլն ֆունտ ստեռլինգ՝ բյուջեի ճեղքվածքը փակելու համար։

Ներկայում ընկերության ուղեգրերով արտասահմանում է գտնվում շուրջ 600․000 մարդ, որոնցից 160․000-ը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։ Ընկերության սնանկությունը սպառնում է 22․000 աշխատատեղի, որից 9․000-ը՝ Միացյալ թագավորությունում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ կստեղծի հատուկ խումբ և կտրամադրի միջոցներ խնդրի լուծման համար։