Իրանի պատվիրակության անդամներին ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցելու համար մուտքի արտոնագիր չեն տրամադրել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ մեկնող իրանական պատվիրակության որոշ անդամների այդ երկիրը մերժել է ամերիկյան վիզաներ տրամադրել, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ է մտցրել իրանական պատվիրակության տեղաշարժի հարցում, գրում է korrespondent.net-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով:
«Եթե ԱՄՆ-ն հրաժարվում է մուտքի արտոնագրեր տրամադրել Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետության անդամներին, ապա խախտում է ՄԱԿ-ի կանոնները»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանել է իրանցի փորձագետը:
Հաղորդվում է նաև, որ Իրանի ներկայացուցիչները Նյու Յորք կատարած այցի ժամանակ չպետք է լքեն նախապես համաձայնեցված գոտիները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թեհրանում կարծում են, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ մեկուսացնել Իրանին, քանի որ «աշխարհի հզոր պետությունների ղեկավարների խնդրած հանդիպումների քանակը պարզապես աննախադեպ է»:










