Ավստրալիայում կրկին սկսել են ասեղներ հայտնաբերել ելակներում

18:36 • 23.09.19

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ոստիկանությունը հետաքննում է սուպերմարկետից գնված ելակում ասեղի հայտնաբերման երկու դեպք: 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, տուժածներից մեկի խոսքով՝ ասեղը հայտնաբերել է այն հատապտուղներում, որոնք մտադիր էին օգտագործել տոնական տորթի պատրաստման համար:

«Ես ցնցված էի, չէի կարող հավատալ դրան: Իմ երեխաներից երկուսն արդեն ձեռքում էին պահել ելակները և պատրաստվում էին ուտել այն: Մեր բախտն ուղղակի բերել է, որ հենց ինձ է բաժին հասել այդ ելակը»,- պատմել է ավստրալուհին:

Նմանօրինակ դեպք է գրանցվել նաև երկու շաբաթ առաջ:

Բացի այդ, անցյալ տարվա սեպտեմբերին ավստրալական ոստիկանությունը սկսել էր դաշնային հետաքննություն վարել առնվազն 7 ավստրալական արտադրողների ելակներում ասեղների հայտնաբերման մի քանի դեպքերից հետո: Անցյալ տարի ասեղներ հայտնաբերվել էին նաև բանաններում և խնձորներում:

Ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել կասնկածյալ կնոջը, որը, Բրիսբենի դատարանի վճռի համաձայն, դա արել է վրեժ լուծելու համար: Ավելի ուշ որոշում էր կայացվել նրան ազատ արձակել գրավի դիմաց: