«Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ուժային կառույցներից ավելի քան 30․000 մարդ է հեռացվել». երկրի ՆԳՆ

14:29 • 23.09.19

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի ուժային կառույցներից 33 հազար մարդ է հեռացվել, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Սոյլուի խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ նրանք բոլորն էլ կապ են ունեցել հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլլենի FETO շարժման հետ, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական։

Նշենք, որ վերջին 7 ամիսներին գյուլենականների դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 1076 զինծառայող։

 

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար։

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: