Գուցե, հարյուր տարուց դիրքերն ավտոմատացնենք, լինեն ռոբոտներ, բայց առայժմ դա ֆանտաստիկայի ժանրից է. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Արցախի հարավարևելյան ուղղությամբ նախօրեին տեղի ունեցածը կա՛մ դիվերսիոն հարձակման փորձ է հայկական դիրքերի վրա, կա՛մ հերոսանալու մոլուցքով տառապող ադրբեջանցի զինվորի անհաջող գործողություն: «Արմնյուզ» ՀԸ «Օրախնդիր» հաղորդման շրջանակներում նման կարծիք է հայտնել Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Մոլորվելու պարագայում, ինչպես պնդում է Բաքուն, մեծ է հավանականությունը, որ նա գերի կընկներ: Շատ հետաքրքիր կլինի՝ կփորձի՞ Ադրբեջանը հերոսացնել նրան»,- ասել է ռազմական փորձագետը:
Դիվերսիաների փորձերն իսպառ բացառել հնարավոր չէ: Ամեն դեպքում, ըստ Կարեն Վրթանեսյանի, դրանք կտրուկ նվազեցին 2016-ի ապրիլյան մարտերից հետո առաջնագծի վերազինման շնորհիվ: Այդ շրջանում, հիշեցնենք, եղավ հանրային մեծ մոբիլիզացիա, և՛ անհատներ, և՛ խոշոր ընկերություններ սարքեր ձեռք բերեցին ու տեղադրեցին շփման գծում: 2017-ի փետրվարի 25-26-ի չհաջողված դիվերսիոն փորձը համարվում է ապրիլյան մարտերից հետո հակառակորդի ամենախոշոր տապալումը:
«Նույնիսկ դիրքերում եղած շներն իրենց դերը խաղում են: Եթե պահածոյի ժանգոտ տուփերն անգամ մեկ տոկոսով դիրքերում վտանգը նվազեցնում են, դա էլ չի խանգարի, թող լինի: Գուցե հարյուր տարուց դիրքերն ավտոմատացնենք, լինեն ռոբոտներ, բայց առայժմ դա ֆանտաստիկայի ժանրից է: Դժվար թե մոտակա ժամանակներում մարդկային ներկայությունից հնարավոր լինի հրաժարվել»,- ասել է Կարեն Վրթանեսյանը:
Ռազմական փորձագետը կարծում է, որ ՀՀ-ի սահմանն էլ պակաս ռիսկային չէ: «Դեռևս 2015-ին հրետակոծվում էին Տավուշի մարզի բնակավայրերը, ունեցել ենք քաղաքացիական զոհեր: Կախված ռելիեֆից՝ կան բնակավայրեր, որոնք ֆիզիկապես պաշտպանելը շատ դժվար է, անիմաստ է 100 մետրանոց բետոնե պարիսպներ կառուցել»,-նկատել է նա:
Կարեն Վրթանեսյանը հիշեցրել է, որ այս տարեսկզբին Տավուշի մարզում դիրքային վերադասավորումների շնորհիվ մեր ուժերն ավելի շատ տարածք են վերահսկում, բայց կեղծ պնդում որակեց այն, թե Չինարին այլևս երբեք չի գնդակոծվելու. «Այլ հարց, որ հնարավոր եղավ հակառակորդի դիրքերն առնել ուղիղ նշանառության տակ: Տավուշում կան ադրբեջանական բնակավայրեր, որոնք մեր դիտարկման տակ են, օրինակ՝ Ալիբեյլի գյուղը: Ադրբեջանցիները բավականին հանգիստ են վերաբերվում իրենց գյուղերի գնդակոծմանը: Այն, որ իրենց գյուղը մեր նշանառության տակ է, իրենց չի կանգնեցնում մեր գյուղի վրա կրակելուց»:
Ըստ ռազմական փորձագետի՝ մեր հրետանային միջոցներին հասանելի են դեպի Թուրքիա տանող ճանապարհը և կամուրջը Նախիջևանում: Նա հավելեց, որ առհասարակ, Նախիջևանը ռազմավարական առումով բավականին վատ իրավիճակում է, մենք դրա տարածքի մեծ մասը վերահսկում ենք:
Ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովի ու Գուլիևի և հայ պատանդներ Կարեն Ղազարյանի ու Արայիկ Ղազարյանի հնարավոր փոխանակման հարցի շուրջ Վրթանեսյանը հիշեցրեց, որ դիվերսանտներին դատել են որպես մարդասպանների: «Դա շատ լավ գիտեն Մինսկի խմբի համանախագահները: Այդ փոխանակումը հավասարազոր չէ: Դա նույնն է, որ հիմա Ռամիլ Սաֆարովը դատված և նստած լիներ Շուշիում, ու նրան փոխեինք ինչ-որ հայ գյուղացու հետ: Փոխանակելու դեպքում Ցականյանի կամ սպանված մայորի ընտանիքին ի՞նչ ենք ասելու»,-հարցրել է նա:
Վրթանեսյանի կարծիքով՝ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ընտանիքներին գուցեև պետք է հորդորել՝ սպասել մի այլ առիթի. «Երկու հանցագործների հետ մեր պատանդների փոխանակումը սխալ ուղերձ է Ադրբեջանին, մենք կընդունենք, որ ադրբեջանցիներին թույլատրվում է սպանել մեր պատանիներին, կրակել մեր կանանց վրա և ինչ-որ գնով հետ վերադառնալ»,-ասել է նա:
Դավիթ Սարգսյան










