Հայկ Հարությունյանի տան մուտքի տեսախցիկներն առգրավվել են. դեպքի նախորդ օրը, բացի 2 անձից, ոչ ոք մուտք չի գործել այնտեղ. նոր մանրամասներ

17:38 • 24.09.19

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասներ է հայտնել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործից:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»,-գրել է Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: