Մակրոնը կլիմայական փոփոխությունների հարցերով մտահոգ ակտիվիստներին կոչ է արել Փարիզից տեղափոխվել Լեհաստան

12:21 • 24.09.19

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զայրացրել է Լեհաստանին՝  կլիմայական փոփոխությունների հարցերով մտահոգ ակտիվիստներին կոչ անելով իրենց բողոքի ակցիաները Փարիզից տեղափոխել Լեհաստան՝ Եվրամիության անդամ երկիր, որը մեծապես կախված է ածխից, գրում է Associated Press-ը:

Լեհաստանը դանդաղ, սակայն հաստատուն քայլերով շարժվում է ածխի արդյունահանման կրճատման ուղղությամբ: Երկիրը տարիներ շարունակ ածխի արտադրության ավանդույթ է ունեցել, որը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ապահովում Հարավային Սիլեզիայի տարածաշրջանում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Լեհաստանը ծրագրում է մինչև 2050 թվականը վերացնել ածխի օգտագործումը: Պետությունը նաև աշխատում է վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման ուղղությամբ:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շիմոն Շինկովսկի վել Սենկը, ի պատասխան Մակրոնի հայտարարության, ասել է, որ վերջինս «տեղյակ» է, որ իր պետությունը ջանք չի խնայում ածխաթթու գազի արտանետումները կրճատելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահը «ձեռնպահ կմնա դասախոսություններից, որոնք արդեն ձանձրացնում են»:

Ավելի ուշ Մակրոնը, պաշտպանելով իր մեկնաբանությունը, հայտնել էր, որ մտադրություն չի ունեցել «նշանառության տակ առնել» որևէ մեկին, այլ ցանկացել է «մեր լեհ ընկերներին հորդորել, որ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ»: