Յանուկովիչը մտադիր է վերադառնալ Ուկրաինա. փաստաբան
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է հայրենիք վերադառնալ: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վիտալիյ Սերդյուկը՝ ուկրաինական 5-րդ ալիք հեռուստաընկերության եթերում, գրում է korrespondent.net-ը:
Այս պահին պաշտպանությունն անում է հնարավորը, որ նախկին նախագահը հայրենիք վերադառնալուց հետո բանտում չհայտնվի:
Յանուկովիչի փաստաբանը հայտարարել է, որ նախկին նախագահի նպատակն է ուկրաինական դատարանների միջոցով պատասխանատվության ենթարկել «Ղրիմի հանձնման» և 2013-2014 թվականներին Ուկրաինայի պետական հեղաշրջման համար պատասխանատու բոլոր անձանց:
«Նա հիմա ժամանակավորապես Ռուսաստանի Դաշնության տարածքում է, և պաշտպանությունը միջոցներ է ձեռնարկում նրա` հայրենիք վերադառնալու խնդիրը կարգավորելու համար»,- ասել է Սերդյուկը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին իշխանափոխությունից հետո Յանուկովիչը Ռուսաստան է փախել: Նրան մեղադրում էին այն բանի համար, որ Մոսկվային խնդրել է զորք մտցնել Ուկրաինա, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուն:
Կիևի շրջանային դատարանն Ուկրաինայի նախկին նախագահին հեռակա մեղավոր էր ճանաչել պետական դավաճանության, ինչպես նաև երկրի սահմանների փոփոխությանը և պատերազմի վարմանն օժանդակելու գործով:










