ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցել պատրաստվող ՌԴ պատվիրակության 10 անդամի ԱՄՆ մուտքի թույլտվություն չեն տրամադրել

17:54 • 24.09.19

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնել պատրաստվող ՌԴ պատվիրակության 10 անդամների ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի թույլտվություն չի տրամադրել, գրում է rbc.ru-ն` հղում անելով Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հայտարարությանը:

Հանձնաժողովի ղեկավարի խոսքով` ամերիկյան կողմը նրանց դիմումները ժամանակին չի ձևակերպել: Ստեղծված իրավիճակը Կոսաչյովը բացատրություն չունեցող «վրդովեցուցիչ քայլ» է անվանել:

Մուտքի թույլտվություն չստացած անձանց թվում են նաև Պետդումայի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, ՌԴ ԱԳՆ-ի գլխավոր թարգմանիչը և աշխատակազմի ղեկավար Սերգեյ Բուտինը, ինչպես նաև ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության այլ ներկայացուցիչներ: Նշված անձինք պետք է ուղեկցեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ԱՄՆ կատարելիք այցի, ինչպես նաև ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի ժամանակ:

 

Կոսաչյովը նշել է, որ նշված անձանց վիզայի տրամադրման դիմումները դեռևս գտնվում են ուսումնասիրման փուլում և նույնիսկ եթե մուտքի թույլտվություն, ամեն դեպքում, տրամադրվի, նրանց այցը հնարավոր չի համարում` վիզաների տրամադրման շուրջ ստեղծված իրավիճակն անվանելով հերթական հակառուսական քայլ:

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ ըստ գործող կանոնակարգի, նրանք տեղեկատվություն չեն տրամադրում մուտքի թույլտվության տրամադրման անհատական դեպքերի վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ստեղծված իրավիճակն անհարգալից վերաբերմունքի և որպես հյուրընկալ կողմ պարտականությունների թերացման «վրդովեցուցիչ դրսևորում» է անվանել:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացումն արվել է սեպտեմբերի 17-ին: Ըստ նախնական ծրագրի` Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնում պետք է ելույթ ունենա սեպտեմբերի 27-ին: