Իտալիան ծովում փրկված մոտ 200 ներգաղթյալների է ընդունել
«Բժիշկներ առանց սահմանների» և Sos Mediterranee միջազգային կազմակերպությունների Ocean Viking նավն իտալական Մեսինա նավահանգստում ափ է իջեցրել ծովում փրկված 182 ներգաղթյալների: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ներգաղթյալներին ընդունելու որոշում է կայացրել Իտալիայի ՆԳՆ-ն:
Իտալական աղբյուրի հաղորդմամբ՝ Ocean Viking-ը դարձել է վերջին մեկ տարում ընդունված առաջին հումանիտար նավը, որը հանգրվանել է իտալական նավահանգստում: Նախկինում բարեգործական կազմակերպությունների նավերը փրկված ներգաղթյալներին փոխադրում են իտալական նավեր՝ առանց ափին մոտենալու:
Ocean Viking ներգաղթյալներին ընդունել էր անցյալ շաբաթ Լիբիայի ափերին տեղի ունեցած երեք փրկարարական գործողությունների արդյունքում: Իտալիայի ՆԳՆ-ն սիցիլիական Մեսինան մատնանշել է որպես «անվտանգ նավահանգիստ» փրկված ներգաղթյալների համար:










