ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Լեհաստանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան համատեղ համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, գրում է DW-ն:
Ըստ համաձայնագրի՝ երկրները կշարունակեն աշխատել «Լեհաստանում ամերիկյան պաշտպանական և զսպման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»:
Միացյալ Նահանգները ներկայում Լեհաստանում ունի 4500 զինծառայող. համատեղ հռչակագրի համաձայն՝ այդ թիվն «ակնկալվում է, որ մոտ ապագայում կավելանա Միացյալ Նահանգների շուրջ 1000 լրացուցիչ զինծառայողներով»: Նաև երկրները քննարկում են լեհական տարածքում զրահատանկային բրիգադի մարտական խմբի տեղակայումը։
Թրամփն ընդգծել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը կապված չէ Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքի հետ:
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Լեհաստանին վիզային արտոնություններ տրամադրելու ուղղությամբ, որոնց քաղաքացիները Միացյալ Նահանգներ մուտքի վիզայի կարիք ունեն, չնայած այն հանգամանքին, որ նրանք Շենգենյան գոտու անդամ են:
Թրամփը հայտարարել է, որ նոր զորքերը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն եվրոպական այլ բազաներից:
Աղբյուրը հավելում է, որ Միացյալ Նահանգները Գերմանիայում տեղակայված մոտ 35 000 զինծառայող ունի և, ամենայն հավանականությամբ, Լեհաստանում լրացուցիչ զինվորները կարող են դուրս բերվել հենց Գերմանիայից:










