ԱՄՆ-ն կարող է ամերիկյան Patriot համալիրների և F-35 կործանիչների վերաբերյալ Թուրքիային նոր առաջարկ անել

13:32 • 24.09.19

Միացյալ Նահանգները կարող է Թուրքիային նոր առաջարկ անել Patriot զենիթահրթիռային համալիրների և հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով՝ Վաշինգտոնը և Անկարան պատրաստվում են ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել՝ 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության մակարդակին հասնելու համար: Այդ համաձայնագրի շրջանակում Թուրքիային նոր առաջարկ կարվի Patriot ԶՀՀ-ների և F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ, կնվազեցվեն նաև ալյումինի և պողպատի մաքսատուրքերը:

Հիշեցնենք, որ Թուրքիան ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման վերաբերյալ 2017 թվականին պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ, որի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: 

Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել: