50 հոգու մասին խոսք չկա, մի քանի հոգու հետ կապված խնդիր է եղել տեղափոխման հարցերի շուրջ. Բադասյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում զանգվածային հացադուլի մասին (տեսանյութ)

11:49 • 25.09.19

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ այս պահին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ անող դատապարտյալ չկա: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ չափազանցված է թիվը, թե այդ ՔԿՀ-ում 51 ազատազրկված անձ է հացադուլ արել:

«Չափազանցված է թիվը, այս պահին հացադուլի մեջ գտնվող ոչ ոք չկա: 50 հոգու մասին խոսք չկա: Մի քանի հոգու հետ կապված խնդիր է եղել, դժգոհություն են ունեցել տեղափոխման հարցերի շուրջ»,- ասաց Բադասյանը:

Հարցին՝ ինչու է որոշվել տեղափոխել այդ անձանց, նախարարը նշեց, որ հիմա խնդիրը կարգավորվել է: «Մանրամասների չեմ տիրապետում, սակայն ՔԿՀ-ում տեղի ունեցող շարքային իրադարձություն էր դա»,- նշեց նա:

Իսկ թե որքան մարդ է, այդուհանդերձ, ՔԿՀ-ում հացադուլ արել և ինչպես է դադարել հացադուլը, Բադասյանը նշեց, որ հացադուլ, ըստ էության, չի էլ սկսել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անհնազանդություն է սկսվել: Tert.am-ի տեղեկություններով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 51 ազատազրկված անձ հացադուլ է սկսել:

Աղբյուրը պատմել էր, որ պատճառը քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանի որոշումն է:

«Առանց այդ որոշման էլ դատապարտյալները բազմաթիվ խնդիրներ ունեն, հիմա ևս մեկն է ավելացել: Գերասիմ Գևորգյանը որոշել է, որ տեղամասերի փոփոխություն իրականացվի և 21 ազատազրկված անձի որոշել են տեղափոխել այլ տեղամաս»,-ասել էր աղբյուրը:

Ավելի ուշ Tert.am-ի աղբյուրը հայտնել էր, որ ՔԿՀ աշխատակազմը բանակցել է իրենց հետ և հայտնել, որ կքննարկի հարցը, ինչից հետո հացադուլը դադարեցրել են։