Մոսկվայում հանցագործները հարձակվել են տղամարդու վրա և խլել 20 միլիոն ռուբլի պարունակությամբ ուսապարկը
Մոսկվայի Լյուբլինո թաղամասում 4 անհայտ անձինք հարձակվել և տղամարդուց խլել են մոտ 20 միլիոն ռուսական ռուբլի պարունակությամբ ուսապարկը, գրում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Ներքին գործերի նախարարության մոսկովյան վարչության տեղեկությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Տիխորեցկի բուլվարում: Ատրճանակով և մուրճով զինված ավազակները տուժողից խլել են ուսապարկը և ավտոմեքենայով հեռացել:
Ոստիկանության ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մեքենան հայտնաբերվել է Մոսկվայի փողոցներից մեկում:
Տուժողը շտապօգնության ծառայության օգնությանն է դիմել գլխի վնասվածքի պատճառով, սակայն հիվանդանոց տեղափոխվելուց հրաժարվել է: Հարուցվել է քրեական գործ՝ «ավազակային հարձակում» հոդվածով:










