Հայկ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա, թե ինչպես կազդի գործի վրա, կերևա արդյունքում․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ «Մարտի 1»-ի գործով ցուցմունքը գործի հրապարակային նյութ է, մինչդեռ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա նշեց, որ Հարությունյանին հարցեր էին հնչելու դատախազների, պաշտպանների կողմից։
Դավթյանն, արձագանքելով դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են եղել, և տրվում է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի անունները, ասաց․ «Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը։ Ինձ ճանաչողներից յուրաքանչյուրը վստահ է, որ իմ միջամտությունն այդ գործին անհնար է»։
«Որպես վկա հարցաքննվելու կամ նրան հայտնի տեղեկությունները հայտելու համար, եթե լինեն առանձնակի ճնշումներ, ապա կբացահայտվեն ու կարժանանան իրավական գնահատականի։ Այն քայլերը, որոնք արվելու ու արվում են, դրանք օպերատիվ հետախուզական միջոցառումներ են, որոնք պարտավոր են իրականացվել օպերատիվ մարմինների կողմից»,- շարունակեց գլխավոր դատախազը։
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների՝ Քննչական կոմիտե հրավիրվելուն, որոնք ավելի վաղ հայտարարել էին, թե Հայկ Հարությունյանը նշել է, որ իրեն պարտադրում են սուտ ցուցմունք տալ, բայց Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն, դատախազը նշեց, որ լրատվամիջոցների նկատամամբ իրականացվող գործընթացը լինելու է բացառապես օրենքով սահմանված գործառույթների շրջանակում։
«Ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու ընձեռնած հնարավորություններն անբարեխիղճ օգտագործողներին՝ իրավապահ մարմիները չեն կարող դրսևորել անբարեխղճություն, դուրս չեն գա օրենքի շրջանակից»,- հավելեց Դավթյանը։
Հարցին՝ Հայկ Հարությունյանի սպանությունը կազդի՞ «Մարտի 1»-ի գործի քննության վրա, գլխավոր դատախազը պատասխանեց․ ««Մարտի 1»-ի գործի քննությունն ակտիվ իրականացվում է, յուրաքանչյուր դետալ իր առանցքային նշանակությունն է ունենալու որաշակի վարկածների ուղղությամբ և այդ վարկածների ուղղությամբ քննությունը խորացնելու։ Բայց թե ինչպես կազդի, կերևա միայն արդյունքում»։










