Թե ինչ կանեմ՝ կարևոր չէ, չեմ որոշել ինչով եմ զբաղվելու. Վայոց Ձորի մարզպետը՝ հետագա գործունեության մասին
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հետո դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու: Այս մասին նա հայտնել է Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հետագա գործունեությանը, և հարցին՝ արդյոք մնալո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատասխանել է՝ իհարկե։
Հարցին՝ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, գործով որևէ կարգավիճակ ունի՞, թե ոչ, Սարգսյանը նշեց, որ ընթանում է նախաքննություն: «Դա արդեն նախաքննության գործն է, նախաքննություն է կատարվում: Մնացածն, ըստ նախաքննության, կհրապարակվի, այդտեղից էլ կիմանաք: Դեռ ոչ մի բան չկա, գործը դեռ նախաքննության փուլում է, ես ոչ մի հարցի պատասխանելու ցանկություն չունեմ»:
Նա հավելեց. «Իմ հետագա անելիքների մասին ես գիտեմ, չեմ ուզում պատասխանել»։
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է մարզպետի օգնականը:
Այնուհետև Տրդատ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեպքին ներկա չի եղել և որ ՊՆ փոխգնդապետն է իր օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից:
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը միջադեպից հետո հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ և հայտնել, որ որոշում է կայացրել վայր դնել լիազորությունները:
Նա գրառմամբ որոշ պարզաբանումներ էր ներկայացրել Եղեգնաձորում ս․թ․ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Տրդատ Սարգսյանը հերքել էր իր՝ դեպքին որևէ առնչությունը: «Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա:










