IDBank-ի Աբովյանի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի արդիականացման ծրագիրը՝ հաճախորդներին մատուցելով ժամանակակից, հարմարավետ լուծումներ: Միջազգային ստանդարտներին համապատասխան նոր մասնաճյուղն իր դռները բացեց Աբովյան քաղաքի Տարտուի 1/1 հասցեում: Ինչպես նորացված մյուս մասնաճյուղերում, Աբովյանի մասնաճյուղում ևս թե՛ դիզայնը, թե՛ տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս վայելել լիարժեք և բարձրորակ սպասարկման առավելությունները:
«Այստեղ հասանելի են լինելու մեր բանկի կողմից առաջարկվող, գրեթե, բոլոր ծառայությունները: Այդ թվում` ունենալու ենք շուրջօրյա 24/7 սպասարկվող տերմինալներ, որոնց միջոցով Աբովյան քաղաքի մեր հարգելի հաճախորդները կարող են շուրջօրյա ռեժիմով ստանալ շուրջ 200-ից ավել ծառայության տեսակներ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց IDBank-ի գործադիր տնօրեն Մհեր Աբրահամյանը:
IDBanking 24/7 համակարգի միջոցով կարելի է կատարել կանխիկի մուտքագրում և ելքագրում, հաշիվների համալրում, վարկի մարում, կոմունալ վճարումներ և այլն: Նոր մասնաճյուղում գործում են նաև ավանդական սպասարկման հարմարավետ և հաճելի պայմաններ ու ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններ:
«Եթե ուշադրություն դարձնեք բանկի ֆինանսական տվյալներին, բավական կայուն, իրացվելի, շատ մեծ ունակություններով՝ թե թիմի առումով, թե ֆինանսապես բանկ է, այսինքն` բանկը մեծ հաջողություն կարող է գրավել թե բիզնես վարկերի ոլորտում, թե սպառողական վարկերի ոլորտում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
ԿԲ-ի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ղեկավարը անդրադարձավ օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած վճռին, որով որոշվել է բավարարել «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ընկերությունն ընդդեմ Անելիք Բանկի, ներկայիս IDBank-ի, մոտ 22 մլն դոլարին համարժեք գումարի բռնագանձման հայցը:
«Սա պարզապես այն հերթական խնդիրներից է, որ բանկը կարող է հաջողությամբ հաղթահարել, ես վստահ եմ` բանկը համապատասխան քայլեր է ձեռնարկելու նման որոշումների դեպքում: Պարզապես թվի մեծությունն է, որ այսպիսի հնչեղություն է ունեցել: Եթե դուք ուշադրություն դարձնեք բանկային համակարգում բազմապիսի նման որոշումներ են տեղի ունենում, դա որևէ կերպ չպետք է ազդի բանկի վրա: Ըստ էության, բանկը որևէ սխալ քայլ չի արել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
IDBank-ը վճռի հետ համաձայն չէ և պատրաստվում է բողոքարկել այն:
«Մեզ համար անսպասելի և մտահոգիչ էր առաջին ատյանի դատարանի կողմից նման անհեթեթ որոշումը, բայց մենք վստահաբար բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում և անկասկած հաղթելու ենք: Ծանոթ լինելով գործի էությանը` սա բացարձակապես ոչ հիմնավորված և անհեթեթ որոշում է: Այս առումով մենք որևէ խնդիր չունենք: Բանկն այսօր հանդիսանում է ֆինանսական համակարգում ամենակայուն բանկերից մեկը բոլոր ցուցանիշներով և ունի բավարար ռեսուրսներ և կապիտալ ցանկացած տիպի դիմակայության դիմանալու համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց IDBank-ի գործադիր տնօրեն Մհեր Աբրահամյանը:
IDBank-ն անկախ դատական գործընթացներից շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանն ու գործելաոճին՝ շարունակաբար կատարելագործում իր մասնաճյուղային ցանցը` զուգահեռ առաջարկելով ներկայիս շուկայի կողմից թելադրվող ամենաժամանակակից պրոդուկտները: Աբովյան քաղաքի Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Բանկի ղեկավար կազմը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Աբովյանի քաղաքապետը, բիզնեսմեններ ու հաճախորդներ: IDBank-ը շարունակում է մնալ Հայաստանի բանկային համակարգի ամենակայուն և դինամիկ զարգացող բանկերից մեկը:










