Վանաձորում մեկնարկել են խնամատար ծնող դառնալու վերապատրաստման դասընթացները
Խնամատարության համար դիմած անձանց համար կազմակերպվող վերապատրաստումների դասընթացները մեկնարկել են Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Մարզում խնամատարության համար դիմած անձանցից վերապատրաստման փուլի համար ընտրվել են 12-ը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Լոռու մարզպետարանի կազմակերպած եռօրյա վերապատրաստումները նպատակ ունեն ծանոթացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց օրենսդրական կարգավորումներին, իրենց իրավունքներին և պարտականություններին, ներկայացնել խնամատարության հանձնվող երեխայի հետ ապրելու, աշխատելու նրբությունները:
«Խնամատար ծնողների վերապատրաստումն սկսում ենք հենց այս մարզից, որովհետև Լոռին եզակի է և՛ նրանով, որ խնմաատարության հաջողված փորձ արդեն ունենք այստեղ, և՛ նրանով, որ խնամատար ծնող դառնալու համար դիմած քաղաքացիների շատ բարձր ակտիվություն կա: Խնամատարությունը միաժամանակ ծառայություն է, աշխատանք ու խնամք, սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ ծնողներն այս ամենին որպես աշխատանք չեն վերաբերում, այլ՝ որպես ընտանիք ունենալու հնարավորություն»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարության երեխաների բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:
Խնամատարության վերապատրաստման դասընթացի մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել բաժնի պետին, կիսվել մտահոգություններով: Երեխաների բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը պարզաբանել է, որ փոփոխություններ են տեղի ունեցել գործող կարգում, և այսուհետ յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամատարությունը ստանձնելու դեպքում գումարը ծնողներին կհատկացվի 100 տոկոսով: Մինչդեռ նախկինում ամեն հաջորդ երեխայի խնամատարության դեպքում գումարը պակասում էր 30 %-ով:
Վերապատրաստման մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ պատրաստ են և ուրախ կլինեն խնամատարության վերցնել երկու կամ երեք երեխայի, եթե երեխաները քույր, եղբայր լինեն:
Վերապատրաստման մասնակիցները նաև կարծիք են հայտնել, որ եթե խնամատար ծնողներների համար սահմանված տարիքային շեմը բարձրացվի 55 տարեկանից, ավելի շատ դիմողներ կլինեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր տարբերակները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն խնամատարության ծրագիրը:
Հիշեցնենք, որ այս տարվանից խնամատար ծնողների համար վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:










