«Սանիթեք»-ի աշխատակիցները նստացույց արեցին քաղաքապետարանի դիմաց` պահանջելով իրենց աշխատավարձերը (տեսանյութ)

14:16 • 25.09.19

21:00

Նստացույցն ավարտվել է: Այն կշարունակվի վաղը` 10:00-ից`նույն պահանջով:

17:00

Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան: Ցուցարարները ցանկանում էին փակել փողոցը, սակայն ոստիկանական պատը նրանց թույլ չտվեց:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն էլ հարցրեց, թե ինչու պարոն վարչապետին և Հայկ Մարությանին կարելի էր փողոց փակել, իսկ իրենց չի կարելի: «ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում, որպեսզի գան ու արձանագրեն, որ ոստիկանական պատը խոչընդոտում է, որ մենք իրականացնենք մեր սահմանադրական իրավունքը»,- ասաց նա:

Ապա «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքեցին, թե ինչու էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարելի փողոց փակել, իսկ իրենց՝ ոչ:

Սոնա Աղեկյանը, դիմելով քաղաքապետին, ասաց, որ համարձակություն ունենա և իջնի քաղաքացիների հետ հանդիպելու: Ըստ նրա՝ քաղաքապետ Մարությանը պատուհանից նայում է իրենց: Սա լսելով՝ ցուցարարները «Հայկո՛, իջի՛ր» կանչեցին:

«Սանիթեք»-ի աշխատողներից մեկն ասաց. «Բա ընտրելուց մեզ ասում էիք՝ ես ձեզ հետ եմ, ժողովո՛ւրդ, հիմա եկել ենք, եթե մեզ հետ ես, ո՞ւր ես, ինչո՞ւ չկաս: Տուն ենք պահում, այս մեկ ամիս է՝ առավոտը տասից ընկել ենք, փող ենք մուրում, աշխատել ենք, բերեք, տվեք, ողորմություն չենք խնդրում: Եթե ինձ նման երեխա պահես, պարանը կգցես վիզդ, կկախվես: Ինչի՞ ես տանջում ժողովրդին, սրա համար էինք ընտրո՞ւմ: Ռուսաստանից ընտանիքս վերցրել եմ, եկել, խոսք էիք տալիս: Հավատացինք, եկանք, այսպե՞ս եք վարվում»,- քաղաքապետին դիմելով՝ ասաց ցուցարարներից մեկը:

Սոնա Աղեկյանն էլ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ նա ասել է, թե Հայկ Մարությանը լինելու է ամենաժողովրդավար քաղաքապետը, ժողովուրդն էլ անսալով իրեն 81 տոկոս ձայն է տվել. «Թող արդարացնի Ձեր երաշխավորությունը և իջնի, ընդամենը 2 րոպե տրամադրի քաղաքացիներին, ասի, որ այս ինչ օրը գումարներն արդեն փոխանցած կլինի»,- ասաց Աղեկյանը:

Սոնա Աղեկյանն այնուհետև նշեց, որ ցավն այն է, որ Հայկ Մարությանն այս աշխատողներին զրկել է աշխատանքի հնարավորությունից: «Ենթադրենք՝ այսօր տրամադրում եք աշխատավարձը, բայց հաջորդ ամիս ևս գոյատևելու խնդիր ունեն այս մարդիկ, որևէ մեկը նրանց չի ընդունի նոր աշխատանքի»,- ասաց Աղեկյանը և առաջարկ արեց քաղաքապետին՝ նշելով, որ վստահ է, որ Մարությանը լսում է:

«Քաղաքն ունի 12 վարչական շրջան, կարող եք բաժանել երկու մասի. վեց վարչական շրջանը թող մաքրի Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը, մյուս վեց շրջանում աշխատեն «Սանիթեքի» աշխատակիցները, այսպես կապահովենք նաև մրցակցություն, մրցակցությունը նաև որակ է բերում: Իսկ հիմա դեռ սպասում ենք ձեզ, որ իջնեք ու ասեք, որ գումարն արդեն փոխանցված է»,- հայտարարեց Աղեկյանը:

15:48

Բողոքի ակցիա իրականացնողները պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանի կամ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի հետ հանդիպում, սակայն նրանց մոտեցավ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետը և կոմունալ վարչության պետը, ով սիրում է պարգևավճարներ ստանալ մայրաքաղաքում աղբահանության խնդիրը ձախողելու համար, վախենում են և չեն իջնում, որպեսզի քաղաքացիներին պատասխանեն, թե ինչու չեն վճարում աշխատավարձերը: Փոխարենը լիազորում են «խնչող» խոսնակին, որ նա գա և հակասող պատասխաններ տրամադրի: Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, ձեր ստորադաս անձը կանգնում և ասում է՝ «խնչած ունեմ» քաղաքացիների կարծիքի վրա: Դուք նրան անգամ նկատողության չեք արժանացրել, ինչո՞ւ եք լիազորել, որ մեզ հետ հանդիպի: Մենք վիրավորվում ենք, որ նա մեզ հետ միասին նույն օդն է շնչում, մյուս անգամ այդ խնչողին այստեղ չուղարկեք»,- նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:

Նա նաև հայտարարեց, որ գնում է դեղատուն՝ տակդիր գնելու. «2 «պամպերս» կուղարկեմ մեկ պատուհանի միջոցով ձեզ: Կհագնեք «պամպերսները» և համարձակություն կունենաք իջնելու ու պատասխանելու քաղաքացիների հարցերին»,- ասաց Սոնա Աղեկյանը:

14:16

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։

«Սանիթեք» ընկերության աշխատակիցներին են միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները: 

Բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։