Միրգ և օղի. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Սեպտեմբրֆեստ» փառատոնը (տեսանյութ)

19:23 • 25.09.19

«Սեպտեմբրֆեստ» մրգօղու փառատոնի շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզի Կողբ համայնքում, ներկայացվելու են Արարատի, Լոռիի, Սյունիքի  և այլ մարզերի լավագույն մրգօղիները: Փառատոնն ուղեկցվելու է երգ ու պարով, մշակութային բազմատեսակ միջոցառումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սեպտեմբրֆեստ»-ը հնարավորություն կտա բրենդավորել հայկական մրգօղին և, ինչու չէ, արտահանել այն:

«Նախընտրել ենք փառատոնն անցկացնել Կողբ համայնքում, որովհետև այնտեղ աճում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, որոնցից մրգօղի են ստանում, բացի այդ Կողբը սահմանամերձ համայնք է, որն անհրաժեշտ է աշխուժացնել: Հատկապես սահմանամերձ գոտիներում, որտեղ կանգնած է զինվորը, նման նախաձեռնություններն անհրաժեշտ են: Եթե զինվորն իր մեջքի հետևում չզգա բնակչության շունչը, չի կարողանա սահման պահել»,-շեշտեց նա:

Քոչարյանը խոստովանեց, որ մշտապես հիացել է Տավուշի մարզի բնությամբ և կարծում է, որ այնտեղ անհրաժեշտ է տարբեր ենթակառուցվածքներ զարգացնել` հյուրատներ, հյուրանոցներ, որոնք հայերին և օտարերկրացիներին հնարավորություն կտան  հյուրընկալվել մարզում և հանգստանալ`  վայելելով տեղի գեղեցկությունը:

Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ներկայացնելով Կողբը, ընդգծեց, որ այն Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքն է, որտեղ բնակվում է 4500 մարդ:

«Փառատոնը մեզ համար շատ կարևոր և լուրջ իրադարձություն է: Այդ օրը ներկայացված կլինի ոչ միայն Կողբն իր տնական օղիներով, այլև համայնքի ամբողջ մշակույթն ու պատմությունը: Վարպետության դասեր են անցկացվելու Գեղարվեստի դպրոցում,  Մշակույթի տունը հանդես է գալու տիկնիկային թատրոնով, այցելություն կլինի նաև Կողբի պատմության թանգարան»,-ասաց Աղաբաբյանն ու հավելեց, որ նման նախաձեռնությունները կարող են ակտիվացնել կյանքը տարբեր համայնքներում և նպաստել դրանց հանդեպ հետաքրքրության մեծացմանը: