Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ սպայի վիճաբանությունից․ վերջինիս գլխի և մարմնի տարբեր մասերին պատճառվել է ծանր մարմնական վնասվածքներ. Shamshyan.com

12:20 • 25.09.19

Լուսանկարում՝  Հարություն Գրիգորյանը

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, կալանավորված, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, մարզպետի օգնականը հայտարարում էր, որ ինքը միայն դիտողություն է արել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի աստիճանահարթակի մոտ, որի ժամանակ Հ․ Գրիգորյանը դիտավորությամբ նախ բռունցքով 1 անգամ հարվածել է Ա․ Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել, որից հետո Հ․ Գրիգորյանը ոտքերով և գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել Ա․ Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա․ Մխիթարյանին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ։

Քննչական բաժինը այս պահին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե արդյոք Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցություն ունեցել է դաժան ծեծին։

Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել: