USAID-ն պատրաստվում է Վենեսուելայի ընդդիմությանն ավելի քան 50 մլն դոլար հատկացնել

09:51 • 25.09.19

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստվում է ընդլայնել Վենեսուելայի ընդդիմությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Նման հայտարարությամբ է հանդես եկել USAID-ի ղեկավար Մարկ Գրինը:

Նշվում է, որ գործակալությունը պատրաստվում է 52 մլն դոլար հատկացնել Վենեսուելայի ընդդիմությանը:

Դրամական միջոցները կտրամադրվեն «Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին, նրա կառավարությանը և երկրի ժողովրդին օգնելու նպատակով»:

«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Խուան Գուաիդոյի ժամանակավոր կառավարությանը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ազգային ասամբլեային: Վենեսուելայի ժողովուրդն այս տարիներին բավականաչափ տուժել է, և այժմ ժամանակն է, որ պետությունը վայելի լիակատար խաղաղություն, ազատություն և բարգավաճում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված և քաղաքացիների հանդեպ արձագանքող կառավարության ներքո: Այսօրվա հայտարարությունը ևս մեկ օրինակ է՝ այդ երկրի վերականգնման գործում վենեսուելացիներին օգնություն ցուցաբերելու մեր հանձնառության մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվել էր ընթացիկ տարվա հունվարին: Վենեսուելայի ընդդիմության զանգվածային ցույցերի ֆոնին խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել էր պետության ղեկավար: