Նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում, վարչապետը նրա աշխատանքից գոհ չի եղել. ԱԽ քարտուղարը՝ Վանեցյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

14:04 • 26.09.19

Նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։ Նա շեշտեց, որ հրաժարական լինում է ավելի շատ ընտրովի պաշտոններում։

«Ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Բնականաբար, նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Վանեցյանի հրաժարականի պատճառներին, Գրիգորյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հնարավորինս բաց այդ մասին խոսել է ։

«Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար որոշում է կայացրել: Այո, որոշումն ամբողջությամբ գտնվում է վարչապետի որոշման տիրույթում»,- շարունակեց Գրիգորյանը։

Հարցին՝ համաձա՞յն եք, որ Արթուր Վանեցյան իր ուսադիրները նետել է աղբամանը, Գրիգորյանը պատասխանեց․ «Վարչապետն ինչ ասել է, ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Այս առումով՝ մի շատ կարևոր բան էլ ֆիքսեմ, որ այսօր քննարկվում է՝ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է, թե՝ ոչ։ Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ գերագույն գլխավոր հրամանատար է պատերազմի ժամանակ։ Հիմա կարող եմ հարցադրում անել՝ ՀՀ այսօր պատերազմի մեջ է, թե՞ոչ»։