22-ամյա հեռուստաաստղ Քայլի Ջեները շտապ հոսպիտալացվել է
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի 22-ամյա աստղ Քայլի Ջեները, որը համարվում է մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին, շտապ տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը: Հեռուստաաստղի առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները դեռևս հստակ եզրակացություն չեն տվել, գրում է TMZ պարբերականը:
Պաբերականի հաղորդմամբ` իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը վերջին ժամանակներս սրտխառնոց և գլխապտույտներ է ունեցել:
Վերջերս Քայլի Ջեներն Instagram-ի իր էջում դժգոհել էր շարունակական ուժասպառ վիճակից` հայտնելով, որ վատ ինքնազգացողության պատճառով ստիպված է եղել բաց թողնել կոսմետիկայի իր բրենդի համար նոր հավաքածուի ցուցադրությունը, որը նա ստեղծել է ֆրանսիացի դիզայներ Օլիվիե Ռուսթենի հետ համագործակցությամբ: Ավելին` առողջական վիճակի պատճառով Ջեները ստիպված է եղել բաց թողնել նաև սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած «Էմմի»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը:
«Ընկերնե´ր, ինչպես գիտեք, ես և Օլիվիեն պետք է մասնակցեինք Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում մեր համագործակցության առթիվ կազմակերպված շոուին: Ցավոք, այժմ ես ինձ շատ վատ եմ զգում և ի վիճակի չեմ ճամփորդել: Սիրտս կոտրվում է այն մտքից, որ պետք է բաց թողնեմ շոուն, սակայն ես գիտեմ, որ իմ հիասքանչ թիմը և ընկերները, ովքեր արդեն գտնվում են այնտեղ, կօգնեն ինձ հոգեպես ներկա գտնվել միջոցառմանը»,- գրել է Քայլին Instagram-ի իր էջում:
Հայտնի է դարձել, որ 22-ամյա հանրաճանաչ հեռուստաաստղը գտնվում է կլինիկայում և համապատասխան բուժում է անցնում: Հիվանդանոցում նրան այցելում է հայրը, որը 2015 թվականին փոխել է սեռը: Քայլիի մայրը` Քրիս Ջեները, այժմ գտնվում է արտերկրում:













