Իսրայելի վարչապետի հայտարարությունը հայերի կոտորածի մասին դեմարշ է Թուրքիայի դեմ. ավելին սպասել պետք չէ. Հայ դատի Իսրայելի ներկայացուցիչ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը, որտեղ նա խոսում է հայերի կոտորածի մասին, ոչ այլ ինչ է, եթե ոչ դեմարշ Թուրքիայի դեմ և այս հայտարարությունից շատ բան սպասել պետք չէ: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությանը, ասաց Իսրայելում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սևանը:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր արել՝ նշելով. «Նա, ով չի դադարում սուտ խոսել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում և հերքում է հայ ժողովրդի ահավոր կոտորածը, չպետք է խրատներ տա Իսրայելին: Էրդողան, հերի՛ք է ստես»:
«Կարծում եմ՝ ավելի պետք չէ սպասել Նեթանյահուից: Սա ոչ պաշտոնական հայտարարություն է, որը նպատակ ունի Թուրքիային հակազդելու: Թուրքիա-Իսրայել հարաբերությունների այս սրացումը պայմանավորված է ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահի՝ հօգուտ Պաղեստինի արված հայտարարության, որին ի պատասխան էլ Իսրայելն օգտագործում է հայերի ցեղասպանության հարցը»,-ասաց Հակոբ Սևանը:
Նշենք, որ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում մեղադրում էր Իսրայելին Պաղեստինի տարածքներն օկուպացնելու համար:
Անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, որով նախատեսվում է Իսրայելում դեսպանություն ունենալ՝ Իսրայելում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուն նշեց, որ այս որոշմամբ հայ-իսրայելական հարաբերություններում համագործակցության նոր ուղիներ կստեղծվեն:
«Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները ձևավորվել են 1992 թ.-ից, սակայն երկու երկրները չունեն ռեզիդենտ դեսպաններ: Եթե 90-ականներին Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդգրկում էր միայն Իրանն ու արաբական աշխարհը, ապա հիմա փորձ է արվում հայկական քաղաքական ներկայությունն ամրապնդել Իսրայելում, որը ողջունելի է, հատկապես, որ գործում է Իսրայել-Ադրբեջան տանդեմ: Սա լավ հնարավորություն է դիմագրավելու այդ տանդեմին»:
Հարցին՝ արդյո՞ք Իսրայելը պատրաստ է պատասխան քայլ անել՝ Հայաստանում ունենալով ռեզիդենտ դեսպան, Հակոբ Սևանը պատասխանեց. «Հուսով ենք՝ պատասխան քայլը չի ուշանա»:










