Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի տներից մեկն աճուրդի է հանվել ընդամենը 1 ֆունտ ստերլինգով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքի տներից մեկն աճուրդի է հանվել ընդամենը 1 ֆունտ ստերլինգ արժեքով (1,23 ԱՄՆ դոլար), գրում է բրիտանական The Sun-ը:
Տունը գտնվում է քաղաքի կենտրոնից և Բիրմինգհեմի միջազգային օդանավակայանից 10 կիլոմետր հեռավորության վրա: Շենքը 3 ննջարան ունի` 1930-ական թվականների չուգունե յուրօրինակ բուխարիներով, և 2 հյուրասենյակ:
Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ տան գնորդը ստիպված է լինելու բավականին մեծ գումար ներդնել տան վերանորոգման մեջ. արտաքնապես այն բնակելի շենքի մաս կազմող սովորական երկհարկանի տան տեսք ունի, սակայն բնակարանի ներսի հատվածն անմխիթար վիճակում է. պատերի արտաքին շերտը պոկված է, յուրաքանչյուր սենյակում աղբի կույտեր կան, իսկ առաստաղին` մեծ անցքեր, լոգասենյակի զուգարանակոնքը կոտրված է, իսկ լվացարանը «կախված» է պատից:
Zoopla անշարժ գույքի գործակալության տվյալներով` Բիրմինգհեմ քաղաքում բնակարանների միջին արժեքը 205,114 բրիտանական ֆունտ ստերլինգ է (մոտավորապես 252,795 ԱՄՆ դոլար):
















