«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին

16:57 • 26.09.19

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն սեպտեմբերի 24-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար գումար փոխհատուցել և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին:

Սերգեյ Բագրատյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն իրեն դատի է տվել Ջերմուկում քաղաքացիների հետ օգոստոսին կայացած հանդիպման ընթացքում իր արած ընդհանրական հայտարարության համար:

«Քաղաքացիներից մեկն ինձ հարց տվեց` եթե հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում բնությանը, ինչո՞ւ են լիցենզիա տրամադրել: Ես էլ պատասխանել եմ` որովհետև իրենք նախկինում կոռուպցիոն տարբեր հնարավորություններով կարողացել են ձեռք բերել այդ լիցենզիան: Դա ասել եմ` հիմք ընդունելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, Սիլվա Համբարձումյանի հետ կապված նյութերը»,-ասաց Բագրատյանը:

Վերջինիս խոսքով`ընդհանրական ձևակերպումը չի կարելի մասնավորեցնել և համարել զրպարտություն: ««Լիդիան Արմենիա»-ի մասին ընդհանրապես խոսք չի եղել: Ընդհանուր համակարգի վերաբերյալ խոսակցություն էր, որ կան կոռուպցիոն ռիսկեր հանքարդյունաբերության ոլորտում, և այդ խոսքս «Լիդիան Արմենիա»-ն վերագրել է իրեն»:

Հարցին` պատգամավորն ունի՞ ապացույցներ, որ իր այդ հայտարարությունը «Լիդիան Արմենիա»-ի մասին չի եղել, Բագրատյանը պատասխանեց.

«Ես ապացուցելու բան չունեմ: Ես պատասխանել եմ քաղաքացու հարցին: Այժմ «Լիդիան»-ը պետք է փորձի ապացուցել, որ դա իրեն է վերաբերվել, բայց անապացուցելի բաները ապացուցվել չեն կարող»: